Հողօգտագործում

1.   Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:

2.   Ձեր կարծիքով ինչու՞ են հողն անվանում տվյալ էկոհամակարգի հայելին:

3.   Ի՞նչպես է ազդում աղտոտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա

4.   Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը:


1.Հողը Երկրակեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փխրուն շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:

Մակերեսային շերտը բնակեցված է կենդանիներով, մանրէներով, բույսերի բազմաթիվ տեսակներով և դրանց մնացորդներով, որոնք կազմում են հումուսի հիմքը: Հումուսը կայուն օրգանական նյութ է, որը պահպանվում է քայքայման գործընթացներից հետո: Հողը կազմող տարրերը կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային: Պինդ վիճակում գերակշռում են հանքային գոյացությունները և օրգանական նյութերը, որոնց թվին է միանում նաև հումուսը: Հողի հեղուկ վիճակը՝ հողային լուծույթը, կազմում է ջուրը իր մեջ լուծված հանքային միացություններով, ինչպես նաև՝ գազերով: Ջրից զուրկ հողային տարածքներում գոյանում է <<հողային օդը>>, որն իր մեջ ներառում է զանազան գազեր:

Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր, հոդվածոտանիներ ու մանր կաթնասուններ:
Հատկապես նկատելի է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից:

Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացում և քայքայում: Հանքային նյութերը բույսերի միջոցով կլանվում են հողից, մտնում են նրանց օրգանական միացությունների, ապա՝ բուսակեր օրգանիզմների օրգանական նյութերի, իսկ հետո՝ միջատակեր և գիշատիչ կենդանիների կազմի մեջ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերն անցնում են հողի մեջ: Հողային  մանրէները քայքայում են այդ օրգանական միացությունները, որոնք էլ բազմաթիվ բարդ և բազմաստիճան ռեակցիաների արդյունքում  վերածվում են բույսերի համար մատչելի նյութերի: 
  
Էներգիայի 88%-ը, որը մարդն ստանում է սննդից, հողի օրգանական նյութերն են, իսկ մնացած  10%-ը  ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից:

Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում չի սպառվում, այլ ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, տարիների ընթացքում բարձրացնելով բերրիությունը:

2 Իմ կարծիքով հողը անվանվում է տվյալ էկոհամակարգի հայելի, քանի որ ի վերջո բոլոր վնասակար և օգտակար նյութերը ի վերջո անցնում են հողի բաղադրության մեջ։
  
3Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Հիմնական աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառնուրդները իջնելով հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու տեսքով վերադառնում է մթնոլորտ:

Նաև աղտոտման աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի առատությունը:

20-րդ դարի երկրորդ կեսից առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման վտանգը: Ռադիոակտիվ նյութերը ատոմային պայթյուններից հետո թափանցում են  հողի մեջ և կուտակվում այնտեղ տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:

Պեստիցիդները քիմիական միացությունների խմբեր են, որոնք կիրառվում են անցանկալի և վնասկար օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու համար: Այս քիմիկատներից ոչ մեկը օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները վնաս են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:

Ժամանակակից գյուղատնտեսությունը չի կարող հրաժաևվել և չօգտագործել պեստիցիդներ, այլապես բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ կարող է առաջանալ: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները: Բացի այս ամենից պեստիդների մեծ բացասական ազդեցություն ունեն մեղուների վրա, ինչի պատճառով շատ Եվրապական երկրներում նրանք արդեն գրեթե վերացել են, իսկ դա ազդում է պտղատու ծառերի փոշոտման վրա։

Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է այդ թվաքանակին ավելացնել ևս 500 մլն տ:

Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը միշտ ունենում է միևնույն անխուսափելի հետևանքը: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական խնդիրների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել որ կան նաև էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման պատճառով: Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը, որոնց արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:

4 Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.

·         Առաջավոր ագրոտեխնիկան
·         Հողաբարելավումը
·         Հողերի վերականգնումը
·         Պայքար հողերի աղտոտման դեմ

Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, ինչի արդյունքում հողը դառնում է ավելի բերրի: Լավ արդյունքի օրինակ է, թեք լանջերի հերկումը վերից վարի փոխարեն լայնակի դրվածքով: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրենից ներկայացնում հողաբարելավումը` հողերի մելիորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների հիմնական նպատակն ու արդյունքը նույնն է` հողային շերտի պահպանություն և բերրիության բարձրացում: Հողերի մելիորացիայի տեսակները բավականին շատ են՝ հասնում են 30-ի։ Դրանցից մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն: Հատկապես աչքի է ընկնում "ագրոանտառամելիորացիան", երբ ստեղծվում են դաշտապաշտպան անտառաշերտեր, կատարվում է զառիթափ լանջերի, ձորակների և ավազուտների անտառապատում:"Ագրոանտառամելիորացիան" լավ արդյունք է տալիս հատկապես տափաստանային և անտառատափաստանային զոնաներում: Հարյուրավոր կմ երկայնքով դաշտապաշտպան արհեստական անտառներ են ստեղծվել Ամերիկայում, Կանադայի հարավային նահանգներում, Միջին, Հարավային և Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղազախստանում: Դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու համար օգտագործում են հատուկ ծառատեսակներ: Որպես գլխավոր ծառատեսակներ են ծառայում կաղնին, սոճին, բարդին, հացենին, սպիտակ ակացիան, կվենին: Այս ամենի շնորհիվ հողը բացի էրոզիայից պաշտպանվելուց, նաև բարելավվում է, ինչից էլ մեծ աճ է ունենում բերրիությունը: Անտառաշերտերով պաշտպանված դաշտերում, օրինակ, աշնանացան ցորենի, եգիպտացորենի, մի շարք տեխնիկական մշակաբույսերի և ցանովի խոտերի բերքատվությունը 20-25%-ով ավելանում է, ի տարբերություն չպաշտպանված դաշտերի:

Հողերի պահպանության տարածված այլ եղանակ է հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա): Հողերի ռեկուլտիվացիան ուղղված է մարդու կողմից խախտված հողերի վերականգնմանը: Հողաշերտը ամենից շատ խախտվում է բաց հանքերի շահագործման և լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ: Շինարարական աշխատանքները ավարտելուց հետո, կատարում են հողի ռեկուլտիվացիա: Հողերի ռեկուլտիվացիան բաղկացած է երկու փուլից` տեխնիկական և կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում կատարվում է տարածքի հարթեցում, որից հետո այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա լինում է այլ վայրերից բերված կամ էլ հենց շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հավաքված հողը, որը համարվում է բերրի: Կենսաբանական փուլում կատարվում է մեծ և միջին քարերի հավաքում, հողի վարուցանք և պարարտացում: Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ, բույսերի մշակում և խոտացանություն:

Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը: Դա հողերի այնպիսի օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցներից են արհեստական ոռոգումը (իռիգացիա), գերխոնավ հողերի ցամաքեցումը, աղակալած հողերի լվացումը (քիմիական մելիորացիա), հողերի մաքրումը քարերից, նաև ծառերից ու թփուտներից  և կոճղերից:





Комментарии