Արշակունիներ

Ա Արշակունյաց ժառանգական դինաստիայի հաստատումը

Բ Արշակունյաց վերելքը Տրդատ Գ Մեծ, Խոսրով Գ Կոտակ, Տիրան Բ, Արշակ Բ, Պապ Թագավոր

Գ Արշակունյաց Հայաստանի պետական կարգը անցկացնել զուգահեռներ եվրոպական միապետական համակարգի հետ



Ա)Արտաշեսյանների արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար սկսեցին պայքարել Հռոմն ու Պարտևստանը, ինչի ընթացքում երկրում թագավորում էին դրածո արքաներ։ Պարթևաց Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ դրա փոխարեն այնտեղ արմատավորելով իրենց տոհմաճյուղի իշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի այս ծրագիրը չիրականացավ, Արտավանի որդիները՝ Որոդեսն ու Արշակ Ա-ն որոնք թագավորում էին Մեծ Հայքում տապալվել են Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի միջամտությամբ։ Հայերի դեմ ուղղելով աղվանական, վրացական և հարևան այլ ցեղերին, Տիբերիոսը 36 թ-ին Մեծ Հայքի գահը հանձնեց Իբերիայի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ Նույն կայսեր համաձայնությամբ 37թ-ին Մեծ Հայքի Գոդերձական գավառը միացվեց Իբերիային, իսկ Հայոց Միջագետքը՝ Ադիաբենեին։
Տիբերոսի հակահայկական քաղաքականությունը սրեց հայերի վատ վերաբերմունքը ու թշնամանքը Հռոմի նկատմամբ, ինչի արդյունքում 37թ-ին հայերն ապստամբեցին և զորավար Դեմոնաքսի առաջնորդությամբ ի վերջով վտարեցին Միհրդատ Իբերացուն։ Հռոմի նոր կայսր Գայոս Կեսար Գերմանիկոսը (Կալիգուլա) ճանաչեց Մեծ Հայքի ինքնուրույնությունը, և վերականգնեց Փոքր Հայքի և Կոմագենեի թագավորությունները։ Կլավդիոս կայսրը Հայքի նկատմամբ շարունակել է Տիբերիոսի քաղաքական գիծը։ 43թ-ին հռոմեական և իբերական ուժերով նա Մեծ Հայքի գահին դարձյալ դրել է Միհրդատին, որը չի ճանաչվել հայերի կողմից։ Հայերն նույնիսկ անտարբերությամբ վերաբերվեցին նրա սպանությանը, որը կազմակերպել էին նրա եղբորորդին և փեսան՝ Հռադամիզդին 51թ-ին։
61 թվ-ին Վաղարշ I-ը Գերագույն ժողովում թագավոր է հռչակում Տրդատին և ուղղում է պարթևական ուժերը Հռոմի և նրա դրածո կառավարիչ Տիգրան Զ-ի դեմ։ Պարթևական զորքերի մի մասը Տրդատի առաջնորդությամբ մտնում է Մեծ Հայք։ Նույն տարվա ամռանը հռոմեական մի մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ շարժվում է Մեծ Հայքի դեմ՝ այն նվաճելու մտադրությամբ։ Կապադովիկիայում ձմեռելուց հետո, 62թ-ի գարնանը հռոմեական բանակը ներխուժում է Մեծ Հայք և ճամբարում Արածանու ափին, Ծոփաց նահանգի Հռանդեա (հայ. Եռանդ) կոչվող վայրում։ Հայ-պարթևական միացյալ ուժերը խորտակում են Հայկական Տավոսի լեռնանցքները պաշտպանող հռոմեական պահակակետերը և արագ ռազմերթով գրավում Պետոսի բանակի ճամբարը՝ հարկադրելով վերջինիս հանձնվել։ Կարճատև բանակցություններից հետո, որը վարում էր հայ-պարթևական միացյալ ուժերի սպարապետ Վասակը, Պետոսը հաշտություն է խնդրում, զինաթափվում և հանձնելով գերիներին, արագ նահանջում։

64թ-ին Արևելք է ժամանում հռոմեական նոր զորաբանակ՝ Կորբուլոնի առաջնորդությամբ, որը նույն վայրում, որտեղ տեղի էին ունեցել բանակցություններ Վասակի և Պետոսի միջև,  բանակցում է Տրդատի հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ Տրդատը մեկնի Հռոմ և իր թագը ստանա անձամբ կայսեր ձեռքերից։ 65թ-ին մեծ շքախմբով, որը կազմում էր մոտ 3000 մարդուց, Տրդատը ճանապարհվում է Հռոմ, ուր ճոխ հանդիսավորությամբ թագադրվում է և 66թ-ին վերադառնում ու խաղաղությամբ թագավորում է Մեծ Հայքում։ Տրդատ Ա-ի գահակալությամբ Մեծ Հայքում վերջնականապես հաստատվում է Արշակունիների թագավորական ճյուղը և Հռոմը պաշտոնապես ընդունում է Հայքի անկախությունը։


Բ)287-ին երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում և սկսում դաշնակցել Անակի որդի Գրիգորը, սակայն Պարսկաստանի դեմ հաղթանակ տանելուց հետո և իմանալով, որ նրա հայրը եղել է Անակը, ով սպանել է Խոսրով թագավորին, հրամայում է նետել նրան Արտաշատի զնդանը, որտեղ հրաշքով Գրիգորը ապրում է 13 տարի։ 297 թ-ին հայ-հռոմեական զորքերը, Դիոկղետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեցին Պարսից արքա Ներսեհի բանակին և վերականգնեցին Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։
         Խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից 37 քրիստոնյա ազնվազարմ կանայք Հռիփսիմեի գլխավորությամբ, փախնում են Մեծ Հայք և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Տեսնելով նրանց առաջնորդին և ամենագեղեցիկին՝ Հռիփսիմեին, Տրդատը առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ, սակայն մերժում ստանալով, հրամայում է քարկոծել և այդպիսով սպանել նրանց։
               Հենց այդ իրադարձությունից հետո Տրդատը ծանր հիվանդանում է։ Շուտով Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժել Գրիգորը(Լուսավորիչ), որին զնդանից հանում են և բերում արքայի մոտ։ Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով բուժում արքային։ Հենց այս իրադարձությունից հետո արքան մտափոխվում է և թույլ է տալիս Գրիգորին 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզել Հին ու Նոր կտակարանը։ Քարոզչության վերջին օրը Գրիգորը տեսիլք է տեսնում որտեղ երևում է ապագա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Այդպիսով 301թ-ին քրիստոնեությունը հռչակվում է Հայքի պաշտոնական կրոն։




Խոսրով Գ Կոտակի հոր մահից հետո երկրում ստեղծվել էր խառնաշփոթ։ Խոսրով Գ-ն հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանող-որսարաններով։ 338թ-ին հաղթել և դուրս է վռնդել երկրի ներխուժած պարսկական զորքերին։ Խոսրովը վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածքների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավելով նրանց կալվածքները։
Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում, ինչի ընթացքում Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր Կագովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը միավորեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի վրա ճամբարած Սանատրուկի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։  337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Հայաստան։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբենին և նրա տոհմին ոչնչացրեցին, կալվածքները վերածվեցին արքունիքի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։



Տիրանը (Բ) եղել է Հայոց թագավոր 338–350թթ։ Հաջորդելով հորը՝ Խոսրով Բ Կոտակին, նույնպես կառավարել է քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել էին Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանվում է Բյուզանդիայում։ Վերահաստատվելով Գահին Կոստանդիոս Ա կայսեր օգնությամբ 339 թվականի գարնանը, Տիրանը ճանաչել է Հռոմի գերիշխանությունը, այդ իսկ պատճառով պատանդ տվել՝ որդուն՝ Տրդատին և նրա որդիներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։ Վերջինիս հրամանով Հուսիկին ծեծելով սպանում են։ Այս ամենը տեղի էր ունեցել այն պատճառով, որ եկեղեցին մեծապես հզորացել էր և ֆեոդալական կարգերի պայքարում սկսել էր մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում։
Տիրանի գահակալության վերջին տարիներին բարդացել էր նաև Հայաստանի քաղաքական կացությունը ՝ կապված պարսկա–հռոմեական նոր հակամարտությունների հետ։ 345թ-ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցում էր հռոմեացիներին։ 350 թ-ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II-ը ներխուժեց Հայաստան, խարդախությամբ ձերբակալելով  և կուրացնելով Տիրանին, ինչից հետո տարել և բանտարկել է նրան Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր հռչակվեց նրա որդին՝ Արշակ Բ–ն։


Արշակ Բ-ն վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված Հռոմի Վալենտինիանոս Ա կայսրը, ով հաջորդել էր Կոստանդիոս Ա-ին, սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված հարազատ եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմության։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի որդիներին՝ Տիրիթին և Գնելին։
Շատ շուտով խախտելով հայրենի ավանդական կարգը Գնելը, բնակություն է հաստատում Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջն է համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն են անցել նաև նրա հայրը՝ Տիրանը և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծը։ Զգուշանալով դավաճանությունից Արշակն ասպարեզից հեռացրել է թե հորը, թե եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ իշխանին։ Որոշ ժամանակ անց ծնվում է նրա թագաժառանգ որդին՝ Պապը։


Պապը դարձավ հայոց Արշակունի թագավոր 370 թ-ից։ Արդեն 17 տարեկանում հաջորդել էր հորը՝ հայոց արքա Արշակ Բ–ին։
Ձերբակալելով արշակ Բ-ին պարսկական զորքերը 367 թ-ին կրկին ներխուժեցին Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում։ Երկու հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով Փառանձեմի ծանր կացությունը, որոշում են օգնել նրան։ Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ ջախջախում է ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանքով ուղարկվում է հռոմեացիների մոտ։
Պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացը ուղարկում է նոր բանակ։ Արտագերսում համաճարակ սկսվեց։ Երբ Արտագերսը գործնականում զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին։ Այնուհետև պարսիկները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին հայոց թագավորության խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն։ Այս վայրերի բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան։
Վերադառնալով Հռոմից և համագործակցելով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հետ Պապը 371թ-ին Ձիրավի ճակատամարտում պարտության է մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։
Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացավ վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, արել է հսկայական փորձեր Հռոմեական կայսրության գերիշխանությունից ազատվելու համար սակայն ապարդյուն։

Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասավ  90.000-ի։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել է զինված ծառայություն կրող մանր ազնվականությանը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։ Ցավոք առաջացնելով մեծ դժգոհություններ նախարարների մոտ 3 տարի անց դավադրաբար սպանվում է դավաճան Տրայանոս զորավարի ձեռքով նրա իսկ կազմակերպած խնջույքի ժամանակ։

Комментарии