Հովհաննես Թումանյան - նախագիծ


"Մարդու ամեն մի բանը պետք է ներքին դրդումից լինի, և ամեն մի բան, որ զոռով է արված, ոչ մի համ ու լազաթ չունի։"

                                                                              Հովհ․ Թումանյան

Կենսագրություն

Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թ -ից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ մինչև 1893թ-ը՝ Հայ Հրատարակչական միության գրասենյակում։

Սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից՝ հենց այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92թթ) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887թ), «Լոռեցի Սաքոն» (1889թ), նաև «Անուշ» ողբերգությունը (1890թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902թ) ստեղծագործությունը հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, և նույնիսկ «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թ -ին բանաստեղծը ստեղծում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-1907 թթ-ին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 -ին եւ 1911 -ին) ու բանտ նետվում:

Բանտից ազատվելուց հետո 1912–1921 թթ-ին դառնում է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ։

Վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։


Քառյակները վերլուծություն

* * *
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

Հեղինակը նկարագրում է իր կյանքի անցած օրերը որոնք անցել են բավականին շատ ցավերով և դարդերով։
* * *
Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:

Այս քառյակում Թումանյանը հիշատակում է ինչ որ մեկին, ով հեռացավ կյանքից և այլևս չվերադարձավ։ Ցավոք հիշատակվողի անունը հայտնի չէ։

* * *
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:


Այս քառյակում հիշում է իր երիտասարդության շրջանը, պայծառ և տաք գարունները։ Հիշում է իր սիրելիներին և ուզում, որ այդ ամենը ետ վերադառնա։









Комментарии