Գայոս Հուլիոս Կեսար

   Գայոս Հուլիոս Կեսար (մ.թ.ա. 102 - մ.թ.ա. 44) պատկանում էր Հուլյանների պատրիկյան տոհմին: Ծնվել է Քվինտիլիոս ամսին, որը հետագայում իր անունով կոչվեց Հուլիս: Նա եղել է հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Վաղ հասակից կողմ է եղել դեմոկրատական քաղաքական հոսանքին: Մ.թ.ա. 81-ից մինչև 78-ը ծառայել է Փոքր Ասիայում: Մ.թ.ա 73-ին ընտրվել է պոնտիֆեքս, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ) և պրետոր (կոնսուլի օգնական, որը  փոխարինում էր նրան, երբ նա քաղաքում չէր լինում: Հետագայում նաև կատարում էր նահանգապետի դեր):
Կեսարի կյանքի դեպքերը և իրադարձությունները  հիմնականում գրի են առել Սվենտինոսը և Պլուտարքոսը: Ըստ Սվենտինոսի Կեսարը սպիտակամաշկ էր, բարձրահասակ և լավ կազմվածքով: Ուներ գերազանց առողջություն և միայն կյանքի վերջին տարիներին էր տառապում՝ հաճախ նոպաներ էր ունենում և ուշագնաց լինում:                                                                                                                                       
Սակայն Պլուտարքոսը ներկայացնում է լռիվ հակառակ պատկեր, որ Կեսարը եղել է շատ թուլակազմ, այդ իսկ պատճառով միշտ հետևել է արտաքին տեսքին: Ուներ գլխի ճաղատություն և այն որոշ չափով թաքցնելու համար մշտապես կրում էր դափնեպսակ:
Չնայած իր փառասիրությանը՝ Կեսարը բարյացակամ էր վերաբերվում իր զինվորների և լեգատների նկատմամբ: Մի անգամ Կեսարը Գայոս Օպպիոսի հետ գիշերը անցնում էր մի անտառով: Օպպիոսը իրեն վատ էր զգում, Կեսարը զիջեց իր անկողինը Օպպիոսին, իսկ ինքը քնեց գետնի վրա: Հետագայում հիշելով այս դեպքը Կեսարը ասում էր. <<Պատվավորը պետք է հատկացնել ուժեղագույններին, իսկ անհրաժեշտը՝ ամենաթույլերին>>:
Ռազմերթերի ժամանակ նա միշտ զորքի առջևից էր քայլում, և ինչ եղանակ էլ լիներ միշտ գլխաբաց էր, որպեսզի բոլորը իրեն ճանաչեն: Սկզբից միշտ հետազոտում էր ճանապարհը և միայն դրանից հետո զորքը տանում այդ ուղղությամբ: Շատ անգամ նա էր լեգատների փոխարեն գալլական հագուստ հագած անցնում հակառակորդի պահակակետերի միջով: Կեսարը անձամբ ճանաչում էր իր բոլոր ցենտուրիոններին (զորավարներին), երկար ծառայած զինվորներին, և մարտի ամենավճռական պահերին նրանց դիմում էր իրենց անուններով: Նա միաժամանակ և խիստ էր և ներողամիտ, բոլորին սիրում էր պահել լարված դրության մեջ: Զինվորների զգոնությունը և պատրաստակամությունը ստուգելու համար թշնամու կեղծ հարձակման տագնապներ էր հայտարարում հատկապես վատ եղանակի և տոների ժամանակ: Բոլոր զինվորներին վերաբերվում էր հարգանքով և կոչում <<զինակիցներ>>, որպեսզի նրանք իրենց ստորադաս չհամարեին: 
Նրա լավ վերաբերմունքի շնորհիվ նրան ոչ մի զինվոր  
չդավաճանեց:                                                
Մ.թ.ա. 61-ին նշանակվել է  Հեռավոր  Իսպանիա պրովինցիայի կառավարիչ, վերջնականապես հնազանդեցրել է լուզիտաններին՝ բնակչություն, որը ապրում էր Պիրենեական թ-կղզու հարավ-արևմտյան մասում, և սկսած մ.թ.ա. 193-ից պայքարում էր Հռոմի դեմ:  Կարգավորել է պրովինցիայի տնտեսական և քաղաքական վիճակը:  Մ.թ.ա. 60-ին վերադարձել է Հռոմ և ընտրվել կոնսուլ: Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը (3 անձի իշխանություն), որը կազմալուծվեց 53թ-ին:
 Ժողովրդական ժողովի միջոցով անցկացրել է ագրարային օրինագիծ՝ Իտալիայի դեռևս չբաժանված հողերը բաժանել է աղքատ քաղաքացիներին: Մ.թ.ա. 58-51-ին նվաճել է Անդրալպյան Գալիան (այժմյան Ֆրանսիայի տարածքը):             
 Պոմպեոսը և Սենատը (Ծերակույտը), վախենալով Հուլիոս Կեսարի ազդեցության մեծացումից, Կեսարից պահանջել են ցրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Կեսարը մերժեց, որի համար հայտարարվեց հայրենիքի թշնամի: Երկար խորհելուց հետո 49-ի հունվարի 10-ին, Հուլիոս Կեսարը որոշել է զորքով անցնել հյուսիսային սահմանը՝ Ռուբիկոն գետը, մտել Իտալիա, ապա՝ Հռոմ և ժամանակավորապես հռչակվել դիկտատոր (արտականգ լիազորություններ ունեցող պաշտոնյա): Գրեթե առանց դիմադրության գրավել է Հռոմն ու ամբողջ Իտալիան:
 Սկսվել է քաղաքացիական պատերազմ (մ.թ.ա. 49-45թթ) Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի գլխավորած Սենատի զորքերի միջև: Կեսարը Իսպանիայում ջախջախեց Պոմպեոսի կողմնակիցներին (Իլերդայի ճակատամարտ 49թ),  իսկ Հունաստանում ջախջախեց Պոմպեոսի կրկնակի գերազանցող զորքը, որտեղ Պոմպեոսին օգնության էր եկել հայկական մի զորամաս (Փարսալոսի ճակատամարտ 48թ):
48-ի վերջին - 47 սկզբին Կեսարը միջամտելով Եգիպտոսի գահակալական  պայքարին, պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Մ.թ.ա. 47-ին գարնանը արշավել է Փոքր Ասիա, որտեղ կռվել է Միհրդատ VI Եվպատորի որդու՝ Փառնակեսի դեմ, և այնքան արագ է նրան պարտության մատնել, որ այդ առիթով Հռոմ ուղարկված նամակում գրել՝  " Veni, vidi, vici " (<< Եկա՛, տեսա՛ , հաղթեցի՛ >>):
   Ստացել է տրիբունի անձեռնմխելիության իրավունք, ճանաչվել ժողովրդի կողմից «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44թ), ստացել «իմպերատոր»-ի տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Ի տարբերություն Մարիոսի և Սուլլայի, նա չհալածեց իր քաղաքական հակարակորդներին, այլ աշխատեց իր կողմը գրավել նրանց: Մի շարք միջոցառումներով աշխուժացրել է տնտեսական կյանքը, կարգավորել է պրովինցիաների կառավարումը, նաև հարկային համակարգը:  Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական բարեփոխումներ (լուսնային տարին փոխարինվել է արեգակնային տարով, հուլյան տոմար)։
Մասնատել  է Փոքր Հայքը՝ փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին: Փոքր Ասիայում կատարել է մի շարք վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի և Պարթևաստանի հետ։
 Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի տարածքների վրայով արշավելու էր Պարթևաստան։ Սակայն Կեսարին միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետական սենատորները (ավելի քան 80 հոգի) կազմակերպել են դավադրություն՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ, որին Կեսարը համարում էր իր բարեկամը (Բրուտոսը Կեսարի ապօրինի որդին էր Սերվիլիայից՝ ում Կեսարը ամենաշատն էր սիրում իր սիրուհիներից): Սենատի նիստում (մ.թ.ա  44թ-ի մարտի 15-ին) դավադիրները շրջապատել են կեսարին և սպանել նրան: Կեսարը, մարդասպանների մեջ տեսնելով ին նախկին ընկերոջը՝ Բրուտոսին, բացականչել է. << Եվ դո՞ւ, Բրուտոս >>:
  Իր կյանքի ընթացքում գրել է բազմաթիվ պատմական, քերականական երկեր, նաև բանաստեղծություններ։ Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» (7 գիրք որոնք, պատմում են Գալիայում, Բրիտանիայում և Գերմանիայում  կայացած պատերազմների մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկերը (3 գիրք որոնցում նկարագրել է քաղաքացիական պատերազմի իրադարձությունները  մ.թ.ա. 49 թվի հունվարից մինչև  մ.թ.ա  48 թվի <<Ալեքսանդրիայի պատերազմի>> սկիզբը): Նաև մեզ են հասել Ցիցերոնի (Կիկերոնի) դեմ ուղղված <<Անալոգիայի մասին>> քերականական աշխատությունը, ճառեր, բանաստեղծություններ և այլն: Նրա ստեղծագործությունները կարևոր սկզբնաղբյուր են գալլերի, բրիտների, հին գերմանացիների,  հասարակական-տնտեսական կյանքի և Հռոմի մ.թ.ա. 1-ին դարի կեսի պատմության ուսումնասիրության համար:

Ասույթներ.
Ըստ Պլուտարքոսի՝ այսպես է արտահայտվել Հուլիոս Կեսարը՝ Ալեքսանդր Մեծի նվաճումների մասին  - <<Ես դեռևս ոչ մի նշանակալից բան չեմ կատարել, այնինչ Ալեքսանդրը իմ տարիքում արդեն նվաճել էր ողջ աշխարհը>>:

Հուլիոս Կեսարի <<Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին>> երկից - <<Զորավարի խնդիրն է՝ հաղթել նույնքան խելքով, որքան թրով >>:

Հուլիոս Կեսարի <<Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին>> երկից - <<Ով վստահ է, որ կստանա ամբողջը, չի բավարարվի մի մասով>>:

Ըստ Պլուտարքոսի՝ սա Կեսարի պատասխանն է նրանց, ովքեր առաջարկում էին իրեն շրջապատել թիկնապահներով - <<Ավելի լավ է մեկ անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան>>:


Ըստ Պլուտարքոսի՝ այսպես է պատասխանել Կեսարը իր մահվանից մեկ որ առաջ:     - Մահվան ո՞ր տեսակն է լավագույնը:                                                                    - Անսպասելին:

Комментарии